Ուրսուլա Կ. Լը Գուին. Ճառատում տեխնոլոգիայի մասին

Ուրսուլա Կ. Լը Գուին. Ճառատում տեխնոլոգիայի մասին

«Փոփոխվող հարթույթներ» գրքի վերաբերյալ հետաքրքրական և դրական գրախոսության մեջ (որը հասանելի է [Լը Գուինի] կայքում՝ իսպաներեն և անգլերեն լեզուներով), արգենտինացի գրախոսը պնդում է` քանի որ Լը Գուինը «կոշտ» գիտաֆանտաստիկայի գրող չէ, «տեխնոլոգիան նրա կողմից միտումնավոր կերպով շրջանցվում է»։ Ես ծանոթագրություն եմ տեղադրել հոդվածի իմ թարգմանության մեջ, և ահա այդ ծանոթագրության ընդլայնված տարբերակը՝ քանի որ այս հարցն ինձ իսկապես մտահոգում է։

«Կոշտ» գիտաֆանտաստիկան ամբողջովին տեխնոլոգիայի մասին է, իսկ «փափուկ» գիտաֆանտաստիկան զուրկ է որևէ տեխնոլոգիական բաղադրիչից, ճիշ՞տ է։ Եվ իմ ստեղծագործություններում տեխնոլոգիա չկա, քանի որ ես հետաքրքրված եմ միայն հոգեբանությամբ, զգացմունքներով և նմանատիպ վերացական երևույթներով, ճիշ՞տ է։

Ոչ` սխալ է։ Ինչպե՞ս կարող է իսկական գիտաֆանտաստիկան՝ անկախ իր տեսակից, զուրկ լինել տեխնոլոգիական բովանդակությունից։ Նույնիսկ, եթե դրա հիմնական ուշադրության կենտրոնում  ճարտարագիտությունը կամ մեքենաների գործունեության սկզբունքները չեն. եթե, ինչպես իմ ստեղծագործությունների մեծամասնության պարագայում, այն առավելապես կենտրոնանում է մտքերի, հասարակությունների և մշակույթների գործառնության վրա, միևնույն է, ինչպե՞ս կարող է որևէ մեկը պատմություն հյուսել ապագայի կամ օտար մշակույթի մասին՝ առանց, թեկուզ և անուղղակիորեն կամ ակնարկով, դրա տեխնոլոգիական հենքը  ներկայացնելու։

Ոչ ոք չի կարող։ Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչու որևէ մեկը կցանկանար նման բան անել։

Տեխնոլոգիան հասարակության փոխհարաբերությունն է ֆիզիկական իրականության հետ. այն, թե ինչպես են մարդիկ արտադրում, պահպանում և պատրաստում սնունդը, ինչպես են հագուստ ստեղծում, ինչ էներգիայի աղբյուրներ են օգտագործում (կենդանակա՞ն, մարդկային՞, ջրային՞, հողմային՞, էլեկտրական՞, այլ՞), ինչ նյութերով են կառուցում և ինչ են կառուցում, ինչպիսին է նրանց բժշկությունը և այսպես` շարունակ։ Թերևս որոշ վերացական մտածողություն ունեցող անձինք անտարբեր են այս նյութական, կենցաղային հարցերի նկատմամբ, սակայն անձամբ ես խորապես հետաքրքրված եմ դրանցով և համոզված եմ` իմ ընթերցողների մեծ մասը` նույնպես։

Տեխնոլոգիան մարդու գործուն միջնորդությունն է նյութական աշխարհի մեջ։

Սակայն այս եզրույթն անընդհատ սխալ է կիրառվում՝ նշանակելով բացառապես վերջին տասնամյակների ընթացքում ստեղծված չափազանց բարդ և մասնագիտացված տեխնոլոգիական համակարգեր, որոնք հիմնված են բնական և մարդկային ռեսուրսների լայնածավալ շահագործման վրա։

Սա եզրույթի անընդունելի կիրառություն է։ «Տեխնոլոգիա» և «բարձր տեխնոլոգիա» հասկացությունները հոմանիշներ չեն, և այն տեխնոլոգիան, որը «բարձր» չէ, ոչ մի առումով պարտադիր չէ, որ համարվի «ցածր»։

Մենք այնպես ենք բթացել տեխնիկական առաջընթացի հարյուր հիսուն տարվա անդադար զարգացումից, որ կարծում ենք, թե համակարգչից կամ ռմբակոծիչից պակաս բարդ և տպավորիչ ոչինչ արժանի չէ «տեխնոլոգիա» անվանվելու։ Կարծես վուշն ու կտավը նույնական լինեն, կարծես թուղթը, թանաքը, անիվները, դանակները, ժամացույցները, աթոռները, ասպիրինի հաբերը բնական օբյեկտներ լինեն, որոնք ի ծնե մեզ հետ են՝ ինչպես մեր ատամներն ու մատները, կարծես պողպատյա կաթսաները պղնձե հատակներով և վերամշակված ապակուց պատրաստված բրդյա բաճկոնակները ծառերի վրա աճեին, և մենք պարզապես քաղեինք դրանք հասունանալուն պես...

Մեկ պարզ եղանակ՝ ցույց տալու համար, որ տեխնոլոգիաների գերակշիռ մասն իրականում բավականին «բարձր» է, հետևյալն է. ինքներդ ձեզ հարցրեք ցանկացած մարդածին առարկայի մասին՝ «Արդյո՞ք գիտեմ, թե ինչպես պատրաստել այն»։ Յուրաքանչյուր ոք, ով երբևէ կրակ է վառել առանց լուցկու, անշուշտ ձեռք է բերել իսկական հարգանք այսպես կոչված «ցածր» կամ «նախնական» կամ «պարզունակ» տեխնոլոգիաների հանդեպ։ Իսկ յուրաքանչյուր ոք, ով երբևէ կրակ է վառել լուցկու օգնությամբ, պետք է բավարար իմաստություն ունենա գնահատելու այդ նշանակալի բարձր տեխնոլոգիական հայտնագործությունը։

Ես չգիտեմ, թե ինչպես կառուցել և գործարկել սառնարան կամ ծրագրավորել համակարգիչ, սակայն նույնպես չգիտեմ, թե ինչպես պատրաստել ձկնորսական կարթ կամ կոշիկի զույգ։ Բայց կարող եմ սովորել։ Մենք բոլորս կարող ենք սովորել։ Սա է տեխնոլոգիաների հիասքանչ էությունը։ Դրանք այն են, ինչ մարդկային էակներս կարող ենք յուրացնել։

Եվ ողջ գիտաֆանտաստիկ գրականությունը, այս կամ այն կերպ, տեխնոլոգիական բնույթ ունի։ Նույնիսկ, երբ այն ստեղծվում է մարդկանց կողմից, ովքեր չեն գիտակցում այդ հասկացության իրական իմաստը։

Այդուհանդերձ, համամիտ եմ գրախոսի հետ, որ ես «կոշտ» գիտաֆանտաստիկայի հեղինակ չեմ։ Թերևս ես ստեղծում եմ «դյուրին» գիտաֆանտաստիկա։ Կամ հնարավոր է, որ իմ երկերում «կոշտ» բաղադրիչը ներքին է, թաքնված՝ ինչպես ոսկրահյուսվածքը՝ ի տարբերություն արտաքին կմախքի...

— Ուրսուլա Կ. Լը Գուին, 2005թ.

Տեքստի անգլերեն բնօրինակը` գրողի կայքում