Արս Տեխնե ներկայացնում է Հյուսված ապագաներ քննարկումը, որն անդրադառնում է արվեստների, գիտությունների, տեխնոլոգիաների և էկոլոգիական ապագաների հատումներին։ Թվային արագ վերափոխման, էկոլոգիական ճգնաժամի և մարդկային ու ոչ մարդկային գոյակցության փոփոխվող ձևաչափերի այս դարաշրջանում միջոցառումը համախմբում է ստեղծարարների, տեխնոլոգների և ակտիվիստների՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող են այս դաշտերը մարտահրավեր նետել արդյունահեն մոդելներին և նպաստել վերականգնողական այլընտրանքների ձևավորմանը։
Գաղափարների փոխանակման միջոցով քննարկման մասնակիցները կվերլուծեն, թե ինչպես կարող են գեղարվեստական արտահայտման միջոցները, թվային գործիքները և էկոլոգիական գիտելիքները վերաիմաստավորել կայունության հանդեպ մեր մոտեցումը։ Ինչպե՞ս կարող են սպեկուլյատիվ դիզայնը, ներգրավող պատմություններն ու ստեղծարար տեխնոլոգիաները կլիմայական փոփոխությունները դարձնել ավելի շոշափելի և հուզականորեն ազդեցիկ։ Կարո՞ղ են թվային բրենդավորումն ու արհեստական բանականության վրա հիմնված գործիքները նպաստել էկոլոգիական պատասխանատվությանը՝ սպառողական մոդելներն արագացնելու փոխարեն։ Ինչպիսի՞ դեր ունեն համայնքահեն բնապահպանական նախաձեռնություններն ու մեդիա պատմությունները՝ հանրային գիտակցությունն ու քաղաքականությունը վերափոխելու հարցում։
Հիմնովին զննելով այս հարցերը՝ Հյուսված ապագաներ-ը ձգտում է դուրս գալ մակերեսային կայունության պատումներից՝ խթանելով համագործակցության նոր ձևաչափեր, որոնք կմիավորեն արվեստների պրակտիկան, տեխնոլոգիական նորարարությունը և էկոլոգիական գիտակցությունը։ Դիտարկելով Երևանի մշակութային և թվային փոխակերպման դինամիկ միջավայրը, քննարկումը կվերհանի և՛ տեղական, և՛ գլոբալ տեսանկյուններ՝ ուղղորդելով դեպի ավելի փոխկապակցված և կայուն ապագաների կերտում։