Աշխատարան. Störkoordinaten. Խաթարող հաղորդիչների կիրառական որոնում

$eventData.title

«Նյութեղեն աշխարհներ» արվեստագետների կացարանային ծրագրի շրջանակներում Արս Տեխնեն կազմակերպում է երկօրյա աշխատարան վիեննաբնակ գրող, ռադիոարտադրող և մեդիաարվեստագետ Լալե Ռոդգարկիա-Դարայի հետ, ում պրակտիկան զարգանում է ձայնի, մեդիա տեսության և քննադատական մշակույթի հատման կետերում։

📅 Մարտի 5 և 6
🕖 19:00
📍 SEC
Ալիխանյան փողոց, 1-ին փակուղի 1

«Störkoordinaten»-ը («Խաթարող կոորդինատներ») խանգարումը դիտարկում է ոչ թե որպես խափանում, այլ որպես մեթոդ։ Գերմանական Störung եզրը նկարագրում է այնպիսի խաթարում, որն ամբողջությամբ չի ոչնչացնում համակարգը, այլ ընդհատում է այն, հարցականի տակ դնում կամ տեսանելի է դարձնում դրա կառուցվածքը։ Այս աշխատարանում խաթարումը դառնում է տեսական և գործնական դիտանկյուն՝ մեդիա ենթակառուցվածքները զգայուն կերպով ընկալելու և վերլուծելու համար։

Հենվելով մեդիա և ձայնային տեսությունների վրա՝ դասընթացն ուսումնասիրում է ազդանշանի և աղմուկի հարաբերակցությունը, ռադիոն որպես սոցիալական և քաղաքական ենթակառուցվածք, մեդիա հնագիտության մոտեցումները, ինչպես նաև ալգորիթմական ֆիլտրավորումն արհեստական բանականությամբ պայմանավորված միջավայրերում։ Խաթարումը քննարկվում է որպես գեղագիտական, տակտիկական և ենթակառուցվածքային ժեստ՝ համակարգերը տեսանելի դարձնելու միջոց։

Առաջին օրը սկսվում է հակիրճ տեսական ներածությամբ, որին հաջորդում է մասնակցային բանավոր պատմության վարժանքը։ Մասնակիցները արձագանքում են մի քանի հստակ հարցադրումների՝ կապված  մեդիա խաթարման իրենց փորձառությունների հետ՝ տեղեկատվական գերծանրաբեռնվածություն, գրաքննություն, աղավաղում, լռություն, ապատեղեկատվություն կամ ալգորիթմական ֆիլտրացում։ Համաձայնության դեպքում արձանագրությունները կարող են անանունացվել՝ ձևավորելով ժամանակակից «խաթարող կոորդինատների» փոքր, համատեղ արխիվ։

Երկրորդ օրը հավաքագրված նյութը վերադիտարկվում և վերլուծվում է տեսական ավելի լայն շրջանակներում։ Համատեղ քննարկման միջոցով բացահայտվում են պատմություններից բխող օրինաչափությունները, ենթակառուցվածքները և իշխանական դինամիկաները։ Հնարավորության դեպքում հանդիպումը կարող է ներառել ձայնային աղավաղման կամ ազդանշանային միջամտության փոքր կիրառական փորձարկում՝ որպես տեսական հարցադրումների կոնցեպտուալ շարունակություն։

Աշխատարանն հրավիրում է քննադատաբար անդրադառնալ մեդիա ազատության, քարոզչության, տեղեկատվական պատերազմի, ինչպես նաև միջամտության իրավական և աշխարհաքաղաքական հետևանքների հարցերին՝ միջնորդավորված համակարգերում պատասխանատվության և գործունակության վերաիմաստավորման տեսանկյունից։